NEWS.am-ը հատված է ներկայացնում Բեռլինի անվտանգության եւ միջագային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Ռուսաստան/ԱՊՀ հարցերով բաժնի գիտաշխատող Ֆրանցիսկա Սմոլնիկի հոդվածից, որը հրապարակվել է Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի «The International Relations and Security Network» (ISN) նախագծի կայքում.
Հարավային Կովկասի հակամարտություններն արդեն վաղուց ԵՄ ռադարի տակ են: Սակայն, չնայած ընդհանուր իրազեկվածությանը, ԵՄ կոնկրետ մասնակցությունը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սահմանափակ էր: Միայն 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո ԵՄ-ն սկսեց նորովի գնահատել իր մոտեցումը Վրաստանում հակամարտություններին: ԵՄ-ն ընդհանուր առմամբ ոչ միայն ակտիվացրեց իր մասնակցությունը, այլեւ վերանայեց իր քաղաքականությունը հակամարտության արդյունքում դե ֆակտո առաջացած պետությունների նկատմամբ:
Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղը, հարվկովկասյան երրորդ դե ֆակտո պետությունը, այդ ռազմավարության մեջ մնաց առանց ուշադրության` չնայած ԵՄ իրազեկվածությանը ծայրահեղ փխրուն ստատուս քվոյի մասին:
Վրաց-աբխազական հակամարտության համեմատ` ԵՄ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նվազ են եւ հակասական: Այն դեպքում, երբ Աբխազիային եւ Վրաստանին բաժանում են վարչական սահմանները, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը միմյանցից բաժանված են «շփման գծով»:
Չնայած Վրաստանի ջանքերի ակտիվացմանը Աբխազիայի միջազգային օգնության մոնիտորինգի հարցով, Թբիլիսին սկսել է կասկածել իր մեկուսացման ռազմավարության արդյունավետության մեջ: Արեմտյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մշակված Վրաստանի այդ քաղաքականությունը ենթադրում է հաղորդակցության եւ համագործակցության ուղիների բացում, ինչը բացակայում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարբաղի դեպքում: Ադրբեջանը մտավախություն ունի, որ ԵՄ –ի` Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած փոխգործակցություն նպաստում է դե ֆակտո ինստիտուցիոնալ պետություն ստեղծել, որը հետագայում կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության հավակնություններին: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած միջազգային համագործակցություն լրացուցիչ մարտահրավեր է համարում իր տարածքային ամբողջականության համար: Նման մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ԵՄ-ին ընկալում է որպես կառույց, որը պակաս հստակ կերպով է աջակցում Արրբեջանի տարածային ամբողջականությանը ի տարբերություն Վրաստանի:
Սակայն ԵՄ գերակայությունները նույնպես տարբերվում են ղարաբաղյան հակամարտության դեպքում: Ադրբեջանը, որը ԵՄ համար թիրախ է ` էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համատեքստում առավել սերտ տնտեսական կապերի համար, հազիվ թե ԵՄ կողմից լուրջ ճնշումների հանդիպի` փոխելու համար իր դիրքորոշումը Ղարաբաղի միջազգային համագործակցության հարցում:
Վերջապես, ԵՄ ընդլայնված համագործակցությունը կարող է թուլանալ Լեռնային Ղարաբաղում ԵՄ հեղինակության պատճառով, ինչպես նաեւ Աբխազիայի դեպքում: Ղարաբաղի ժողովրդի շրջանում ԵՄ բնակչության հեղինակությունը մեծ չէ: Հանրային կարծիքի 2010թ. ուսումնասիրության արդյունքներով` ԵՄ-ն ամենաքիչ բալերն էր ստացել` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ համեմատ:
ԵՄ-ն հաճախ է ընդգծում չեզոք, թեեւ ոչ անտարբեր միջնորդի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում, այդ թվում` հակամարտությունների տրանսֆորմացիայի առումով:
Թեեւ տարածաշրջանում ԵՄ ընկալումները տարբերվում են, տեղական խաղացողները ԵՄ-ն ավելի անկողմնակալ են համարում, քան ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Այդուհանդերձ, ԵՄ-ն արդյունավետ կերպով չի օգտվում իր հեղինակությունից: Հակամարտությունների հարցում նրա քաղաքականությունը հաճախ ավելի դեկլարատիվ է, քան էական, ավելի ռեակտիվ, քան պրոակտիվ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա կարելի է լավ խորհուրդ տալ` չսպասել սրման` իր գործունեությունն ակտիվացնելու համար:




























