Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  Երեւանում բնակարանների 1 քմ-ի արժեքը զգալի ավելացել է՝ 15,2 հազար դրամով կամ 6,1%-ով։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել կարեւոր հանգամանք՝ հանրապետության շուկայում դոլարի փոխարժեքը, որն աճել է 19 դրամով կամ 4,9%-ով։ Դրա հետեւանքով, դոլարային հաշվարկով  արժեքն ընդամենը 1,1%-ով է ավելացել։

Շատերն անշարժ գույքի շուկայում թանկացումը բացատրում են Սիրիայից փախստականների հոսքի գործոնով։ Մինչդեռ, անշարժ գույքի գործակալություններից մեկի տվյալով, հունվարին իրենց կազմակերպության միջոցով ոչ մի սիրիահայ բնակարան չի գնել։

Պաշտոնական տվյալներով՝ տարվա ընթացքում Երեւանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գներն աճել են։ Ռեկորդակիրն այդ առումով Կենտրոն վարչական շրջանն է, որտեղ շուկայական միջին արժեքն ավելացել է 21,3 հազ. դրամով կամ 5,3%-ով։ Հաջորդում է Աջափնյակը՝ 18,9 հազ. դրամով (8,5%), Ավանը՝ 18,8 հազ. դրամով (7,9%), եւ Շենգավիթը՝ 18,6  հազ. դրամով (8,1%)։

Այսպիսով, մեկ տարում Երեւանի բնակարանների շուկայական միջին արժեքը աճել է ոչ պակաս, քան 1,0 մլն դրամով կամ 0,4 հազ. դոլարով։