Եվրոպայի ամենահարուստ մարդուն՝ ֆրանսիացի Բերնար Առնոյին, մերժել են Բելգիայի քաղաքացիության հարցում։ Բրյուսելի դատախազությունը կրկնակի բացասական պատասխան է տվել Առնոյի հայցին Բելգիայում հպատակագրվելու մասին։
LVMH ընկերության ղեկավարը բելգիական քաղաքացիություն ստանալու մասին խնդրագիրը ներկայացրել էր անցյալ տարվա հուլիսին։ Առնոն հայտարարել է, որ եղել եւ մնում է Ֆրանսիայի հարկային ռեզիդենտ, իսկ կրկնակի քաղաքացիություն ցանկանում է ստանալ Բելգիայում բիզնեսը զարգացնելու համար։
Բրյուսելի դատախազությունը Առնոյի բիզնեսի ստուգում է անցկացրել։ ԶԼՄ-ների ունեցած տեղեկության համաձայն, հաստատության մոտ հարցեր են առաջացրել բազմաթիվ ֆիրմաները, որ նա ստեղծել է Բելգիայում։ Այսպես, քննիչները պարզել են, որ գործարարի բացած մոտ տասը ընկերությունները գրանցված են Բրյուսելում միեւնույն հասցեում՝ բնակարանում, որտեղ ապրում է LVMH-ի բելգիական բիզնեսի կառավարիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
LVMH ընկերությունը կազմավորվել է 1987 թվականին Moet Hennessy-ի ու Louis Vuitton-ի միաձուլման արդյունքում։ Առնոն, որ ընկերության գլխավորն է, 2012 թվականին Forbes ամսագի տարբերակով զբաղեցրել է 4-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Ամսագրի գնահատականով, նրա կարողությունը գնահատվում է 41 միլիարդ դոլար։




























