Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք այցի շրջանակներում մարտի 1-ին Թուրքիա այցելած ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 2-ի կեսօրին հեռացել է Թուրքիայից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ջոն Քերրին Անկարայի Էսենբողայի օդանավակայում ճանապարհել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդեն, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը եւ այլ թուրք պաշտոնյաներ։
Լրագրողների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ Թուրքիայից հեռանալիս ԱՄՆ պետքարտուղարի ձեռքին հաստ թղթապանակ է եղել։
ԱՄՆ պետքարտուղարն այցի ժամանակ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։
Հայտնի է, որ թուրքական իշխանությունների հետ հանդիպումներում Քերրիի օրակարգի գլխավոր թեման է եղել Սիրիայում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր, թե քննարկվելու են նաեւ Կովկասում տիրող իրավիճակը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները եւ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարցեր։




























