Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի «Նաշա Ուկրաինա» կուսակցությունը 12-րդ համագումարում ինքնալուծարման որոշում է կայացրել։
Որոշմանը կողմ են քվեարկել 267 պատգամավորներ, դեմ՝ երկուսը, ձեռնպահ են մնացել վեցը, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը։
««Նաշա Ուկրաինան» ներողություն է խնդրում, որ Վիկտոր Յուշչենկոն 2005-2012թթ. չարդարացրեց ժողովրդի հույսերը», - կուսակցության հայտարարությունից մեջբերում է կատարում «ԼԻԳԱ.Նովոստի»-ն։
Որոշվել է նաեւ դադարեցնել կուսակցության բոլոր կանոնադրական մարմինների գործունեությունը, իսկ կուսակցության հիմնադիր փաստաթղթերը, կնիքը եւ դրոշը կհանձնվեն ազգային համալսարանի «նարնջագույն հեղափոխության» պատմության թանգարան։
Լուծարման հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Յուշչենկոյի ավագ եղբայր Պյոտր Յուշչենկոն, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւս հրավիրված էր համագումարին, սակայն չի մասնակցել։
«Նաշա Ուկրաինա»-ն ստեղծվել էր 2005թ.՝ որպես Յուշչենկոյի կողմնակիցների միավորում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 9-ի համագումարում Ուկրաինայի երրորդ նախագահ, «Նաշա Ուկրաինա»-ի առաջնորդ Վիկտոր Յուշչենկոն հեռացվել էր կուսակցությունից, սակայն կուսակցության քաղխորհուրդը ավելի ուշ վերանայել էր նրա հեռացման հարցը եւ վերականգնել, փոխարենը հեռացվել էր քաղխորհրդի ղեկավար Սերգեյ Բոնդարչուկը։




























