Մալիում Չադի բանակի զինվորները ոչնչացրել են Աբդելհամիդ Աբու Զեյդին` Հյուսիսային Աֆրիկայում ամենադաժան դաշտային հրամանատարներից մեկին: Նա համարվում է «Իսլամական Մաղրիբի Ալ-Քաիդա» կազմակերպության պարագլուխներից մեկը:

Ահաբեկչի ոչնչացման մասին հայտարարել է անձամբ Չադի նախագահ Իդրիս Դեբին: Նրա խոսքով բացի Աբու Զեյդից ոչնչացվել է ահաբեկիչների եւս մեկ առաջնորդ, ում անունն առայժմ չի հաղորդվում, հայտնել է Reuters-ը:

Աբու Զեյդը օտարերկրացիների աբզմաթիվ առեւանգումների հեղինակ էր: Նրա ահաբեկիչների հիմնական եկամտի աղբյուրները հենց փրկագներն էին: Ականատեսների վկայությամբ, նա անձամբ էր սպանում այն պատանդներին, ում համար փրկագին չէր ստացել: Հենց նա էր Տիմբուկտուում շարիաթական կարգեր հաստատել, ոչնչացրել UNESCO-ի հուշարձանները, որոնք, իբր հակասում էին իսլամի նորմերին: