Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը փետրվարի 15-ին երկօրյա այցով մեկնել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Նորին Սրբությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կփոխանցի նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ գահակալության 20-ամյակի եւ ծննդյան տարեդարձի առիթով Ամենապատիվ Պատրիարքին շնորհված ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ այլ եկեղեցականներ:

Հիշեցնենք, որ այսօր Իսրայել պետք է մեկներ նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, ինչպես NEWS.am-ին հայտնել է վարչապետի օգնական Արամ Անանյանը, այցը չեղյալ է հայտարարվել վարչապետի հիվանդության պատճառով: