«Կարնեգի» միջազգային հիմնադրամի անդամ Թոմաս դե Վաալը հայտարարել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար օգտակար կլինի փոքրիկ քայլեր կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

«Այդ դեպքում որոշ հաջողություններ կլինեն, որոնք կնպաստեն բարի կամքի մթնոլորտին»,- հայտարարել է վերլուծաբանը՝ կարծելով, որ եթե երկու երկրների իշխանությունները դադարեցնեն նախաձեռնությունը, վտանգ կա, որ նրանք կհայտնվեն նախկինից ավելի վատ իրավիճակում:

Իր հերթին, Ուեսլիանյան համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ արձանագրությունների ոգուն հակասող ոչինչ չի տեսնում:

«Հայերը մտավախություն ունեն, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը մոռացության կմատնի 1915թ. ցեղասպանությունը, իսկ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ մտահոգ են Հայաստանի կողմից „օկուպացված տարածքների“ վերաբերյալ»,- ասել է Ռութլանդը: