Գործարար, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը դեռ շարունակում են պահվել ոստիկանությունում՝ ձերբակալվածների պահման վայրում: Սուքիասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր լրանում է այն 72 ժամը, երբ իրավապահները կարող են անազատության մեջ պահել Սուքիասյանին: Դրանից հետո, ըստ պաշտպանի, նրանց կամ պետք է մեղադրանք առաջադրեն, կամ ազատ արձակեն:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն իրավապահների որոշումից՝ պաշտպանը նկատեց. «Ձերբակալությունից հետո մենք չենք կարողանում հասկանալ իրավապահների գործողությունների տրամաբանությունը, քանի որ դրա համար որեւէ հիմք չկար»:
Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին ձերբակալել են փետրվարի 12-ին՝ մեղադրելով մահվան սպառնալիքի տակ ինչ-որ անձից ստորագրություն կորզելու մեջ: Հատուկջոկատայինները ներխուժել էին «ՍԻԼ կոնցեռն» եւ բերման ենթարկել Սուքիասյանին:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը եւ նրա ընտանիքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ աջակցեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից հետո նրանց նկատմամբ հետապնդումներ սկսվեցին:




























