Փորձաքննությունը ցույց է տվել, որ նովգորոդցի խոշոր արդյունաբերող Թելման Մխիթարյանի առողջական վիճակը  թույլ է տալիս նրան կալանքի տակ մնալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  Նա մեղադրվում է մոտ 48 մլն ռուբլու գույքի յուրացման մեջ:

Հետխորհրդային շրջանում Մխիթարյանը ղեկավարել է մի շարք ձեռնարկություններ  եւ վերահսկել տարածաշրջանի տնտեսության  նշանակալի մասը: Եղել է նախկին նահանգապետ Միխայիլ Պրոսակի խորհրդականը:

Մխիթարյանի նկատմամբ գործը հարուցվել է 2008թ-ին: Հետաքննության տվյալներով`   Մխիթարյանը գործընկերոջ հետ  1998-2004թթ. շորթման միջոցով տիրացել է «Սպեկտր» եւ «Նովգորոդխլեբ» ընկերությունների գույքին ու  բաժնետոմսերին եւ խուսափել արդարադատությունից: 2010թ-ին հայ իրավապահները Մխիթարյանին ձերբակալել են Երեւանում եւ արտահանձնել Ռուսաստանին:

Նովգորոդի շրջանում  Մխիթարյանի նկատմամբ գործի քննությունն սկսվել է  2012թ. դեկտեմբերին: Նրան սպասվում է  մինչեւ 15 տարի ազատազրկում` մինչեւ մեկ մլն ռուբլի տուգանքի գանձումով: Պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է Մխիթարյանի առողջական վատ վիճակի մասին` նշելով, որ նա անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում:

2013թ-ին ՄԻԵԴ-ը մասնակիորեն բավարարել է պաշտպանական կողմի հայցը` հաստատելով, որ նա «արդյունվետ բուժօգնություն  չի ստացել» եւ որպես փոխհատուցում հատկացրել 22 հազ. եվրո: