Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ արտաքին քաղաքականության մեջ գոյություն ունեն երկու հիմնական խաղացողներ, որոնցից մեկն իր պահանջները ներկայացրել է մեր իշխանություններին եւ մեր իշխանությունները համաձայնել են ամբողջությամբ ենթարկվել նրանց, իսկ մյուս կողմը ձգտում է խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մեր իշխանությունները չկարողանան իրականացնել այդ պահանջները: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում: «Իրականում Հայաստանը համաձայնություն է տվել Արեւմուտքին: Արեւմուտքը չէր կարող կորցնել այն ձեռքբերումները, որոնք այստեղ ունի: Արեւմուտքի համաձայնությամբ, մեր իշխանությունը բանակցությունների գնաց Ռուսաստանի հետ եւ համաձայնեց կատարել պահանջները»,-նշեց Մանուչարյանը:

Նա նաեւ նշեց, որ ներկայումս ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում ինստիտուցիոնալ հակադրության իրավիճակ ստեղծվի: Օրինակ Երեւանի ավագանու ընտրությունները «կարող են վերածվել մայրաքաղաքի հեղափոխական կոմիտեի ընտրությունների», որպեսզի ինչ-որ կերպ հակակշիռ ստեղծվի իշխանությանը:

«Կամ կարող է փոխզիջում ստեղծվել նոր խորհրդարանական ընտրությունների օգնությամբ, եթե խորհրդարանը դուրս բերվի նախագահի վերահսկողության տակից»,-ընդգծեց Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ, որպեսզի Ռուսաստանի համար անհարմար իրավիճակ ստեղծվի: «Նրանք երբեք դրան չեն գնա, քանի որ այդ դեպքում Ռուսաստանն իսկապես կարող է ապակառուցողական գործել: Այդ տեսանկյունից, Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար եւ այս տարածաշրջանի համար դաժան պայքար է ընթանալու»,-ընդգծեց նա: