«Մարդասպանների ընտանիքը» ֆիլմի ցուցադրությամբ Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը:

Այդ առթիվ բուհում հյուրընկալվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցներ:

Հյուրերին ողջունեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս կարեւորեց Մանկավարժականում փառատոնի մեկնարկը՝ նշելով, որ բուհում պատրաստվում են ոչ միայն մանկավարժներ, այլեւ հեռուստատեսության, ռադիոյի, կինոյի եւ այլ բնագավառի մասնագետներ: Ռեկտորն ընդգծեց նաեւ, որ բուհում մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուների՝ հատկապես անգլերենի մասնագետներ պատրաստելուն, որը շրջանավարտներին հնարավորություն կտա առավել հեշտությամբ ընդգրկվել  եվրոպական ակադեմիաներում:

Ռուբեն Միրզախանյանը Ջոնաթան Էյվսին շնորհեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալ:

Մեծ Բրիտանիայի դեսպանը մեծ պատիվ համարեց մեդալին արժանանալը՝ նշելով. «Մենք բարձր ենք գնահատում, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը իր ցանկությունն է հայտնել բրիտանական ֆիլմեր ցուցադրել բուհում»:

Դեսպանի կարծիքով, այս ցուցադրությունը կամրապնդի երկու երկրների միջեւ մշակութային կապը՝ դառնալով առավել ամուր  համագործակցության սկիզբ:

Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում Ջոնաթան Էյվսը նկատել է՝ կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք, տեսնելով այս ֆիլմերը, նոր կապեր կհաստատեն բրիտանացի մասնագետների հետ եւ կկարողանան մինչեւ վերջ օգտագործել իրենց ներուժը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2013 թվականը հռչակել է Միջազգային ջրային համագործակցության տարի: Բրիտանական ֆիլմերի փառատոնը միացել է այս նախաձեռնությանը՝ բրիտանական ֆիլմերի կինոդիտումներ կազմակերպելով նախ մարզերում, ապա նաեւ զորամասերում: