Այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանին, նույն համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանին, լեզվաբան Անդրանիկ Եղիայանին, Ամերիկայի Միացյալ Նաhանգներում գործող «Diasporaե ամսագրի խմբագիր Խաչիկ Թեոլեոլյանին:

Նրանք Հայաստան էին եկել` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի եւ Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարումե խորագրով գիտաժողովին:

ՀՀ սփյուռքի նախարարը ողջունեց հյուրերին Հայաստանում: Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` մատնանշելով, որ վերջին տարիներին Սփյուռքի նախարարության շնորհիվ է, որ ակտիվացել է Երեւանի պետական համալսարանի եւ Բեյրութի Հայկազյան համալսանի կարեւոր համագործակցությունը, եւ կարեւորեց Սփյուռքի նախարարության մշտական ներկայությունը համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկներում:

Հ. Հակոբյանը խոսեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Նախարարի խոսքով` գիտական ուսումնասիրությունների մակարդակով են հետազոտվում Սփյուռքին վերաբերող խնդիրներն ու հարցադրումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայկական Սփյուռքի առջեւ ծառացած մարտահրավերները. հայապահպանության, լեզվի  պահպանության հիմնախնդիրները: Այս համատեքստում նախարարության իրականացրած հայրենաճանաչության, կրթական եւ մշակութային ծրագրերի ազդեցությունը միանշանակ նկատելի է աշխարհասփյուռ հայության` ազգային  գաղափարախոսության շուրջ համախմբվելու հարցում:

Հյուրերը նախարարի հետ կիսեցին Հայկական Սփյուռքում առկա հիմնախնդիրների վերաբերյալ իրենց մտահոգությունները: Անդրադարձան նաեւ հայրենադարձված սփյուռքահայերին Հայաստանում ապրելու եւ հաստատվելու իրական հնարավորություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ակտիվորեն գործակցել նախարարության ծրագրերի շրջանակներում, հատկապես` համահայկական նշանակության գաղափարների շուրջ համախմբվելու գործում: