ԱՄՆ-ն որոշակի փոփոխություններ կկատարի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման նախագծում` հրաժարվելով Լեհաստանում SM-3 IIB լրացուցիչ տեսակի հրթիռի տեղակայումից: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:
«Մենք նախատեսել էինք այդ հրթիռները աստիճանաբար տեղակայել Եվրոպայում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մեր նախագծի շրջանակում: Այդ ծրագրի խնդիրն էր ԱՄՆ-ի տարածքի պաշտպանվածության ուժգնացումը Մերձավոր Արեւելքի հրթիռային սպառնալիքներից... Տվյալ ծրագրի իրականացումը հետաձգվել է մինչեւ 2022թ.` բյուջետային ֆինանասավորման կրճատման պատճառով», - ասել է Հեյգելը, պարզաբանելով, որ լրացուցիչ տեսակի հրթիռների տեղակայումը նախատեսվել էր ԵվրոՀՀՊ-ի ստեղծման եզրափակիչ` չորրորդ փուլում:
Արդյունքում Պենտագոնը վճռել է Լեհաստանում SM-3 IIB-ի տեղակայման համար նախատեսված միջոցները տրամադրել ԱՄՆ-ի տարածքում լրացուցիչ հրթիռների տեղակայմանն եւ SM-3 նոր տարբերակի ցամաքային տեսակների ստեղծմանը:
«Այդպիսով, մենք Իրանի կողմից հնարավոր վտանգի դեպքում կկարողանանք պաշտպանություն ապահովել ավելի արագ` միաժամանակ պաշտպանվելով ԿԺԴՀ-ից», - Հեյգելի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն: Ընդ որում, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները վախենալու ոչինչ չունեն:
Ավելի վաղ Հեյգելը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ալյասկայում կտեղակայի լրացուցիչ 14 հրթիռ` ԿԺԴՀ-ի կողմից աճող սպառնալիքի պատճառով:




























