Հայաստանի ստվերային կառավարությունում պորտֆելների թեկնածուների ցանկի ներկայացումը «Ժառանգություն» կուսակցության եւ նր առաջնորդի խնդիրն է: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ մտադիր չէ գնահատական տալ այդ գործընթացներին:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ ստվերային կառավարությունում պորտֆելների թեկնածուների ցանկում հնչել է նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի անունը, Ջհանգիրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Լեւոն Զուրաբյանը կամ Ստեփան Դեմիրճյանը տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի իրենց անունները հնչեն Ազատության հրապարակում: Կա բարոյական կողմը, նախապես չհամաձայնեցնելով նրանց հետ այդ հանգամանքը, ճիշտ չէ հնչեցնել նրանց անունները»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մարտի 17-ին, Ազատության հրապարակում Քաղաքացիական խորհրդի ժամանակ անդրադարձել է ստվերային կառավարություն ստեղծելու մասին իր նախկինում արված հայտարարություններին, նշելով, որ կազմել է այդ ցանկը, որում ընդգրկված է համապատասխան ներուժ ունեցող 70 մարդու անուն:




























