Ամերիկյան գեներալ Ջոն Քելլին հայտարարել է, թե Գուանտանամոյի հացադուլավոր բանտարկյալներն իրականում «քիչ-քիչ ուտում են»:

Գեներալի խոսքով, ակցիային այժմ մասնակցում են 24 բանտարկյալներ, ընդ որում` դա հացադուլի «մեղմացված տարբերակն է»: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, թե ոչինչ չեն ուտում, սակայն բոլորովին չեն դիմադրում հարկադիր սնմանը, նաեւ թաքուն ուտում են իրենց խցերում: Փաստաբանների եւ իրավապաշտպանների խոսքով, հացադուլավորների թիվն իրականում ավելի մեծ է:

Քելլին նաեւ հերքել է պնդումները, թե Գուանտանամոյում Ղուրան են պղծել, ինչն էլ դարձել էր հացադուլի սկսման պատճառ:

Նշենք, որ ըստ փաստաբանների, հացադուլը սկսվել է փետրվարի 6-ին: Ներկայումս Գուանտանամոյի տարածքում պահվում են 166 ենթադրյալ ահաբեկիչներ: Ընդ որում, նրանք գրեթե բոլորն այնտեղ են արդեն 11 տարի` առանց մեղադրանք առաջադրելու: