Քաթարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 21-ին, Դոհայում հանդիպել է Քաթարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Համադ բին Ջաբեր ալ Թանիի հետ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, քննարկվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման եւ, հատկապես, տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը նշվել է, որ թե հայկական, թե քաթարական կողմը շահագրգռված են հարաբերությունների խորացմամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության հարցերին, անհրաժեշտ համարել այս տարվա ընթացքում հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը` նկատելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ արդյունավետ փոխգործակցության հիմք կստեղծի: Քննարկվել են հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորություններն ու ժամկետները: Նշվել է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող շուրջ մեկ տասնյակ միջպետական փաստաթղթեր, որոնց ստորագրումն էապես կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը:
Կարեւորվել է նաեւ գործարար շփումների աշխուժացումը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային գործարար համաժողովներին, ցուցահանդեսին գործարարների մասնակցության խրախուսումը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Քաթարի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրել է Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի մասին` նկատելով, որ հատկապես առեւտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Քաթարի վարչապետը նույնպես ընդգծել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու եւ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը մասնակցելու հնարավորություններով:
Փոխվարչապետ Ա. Գեւորգյանի մյուս հանդիպումը Քաթարի մունիցիպալ գործերի եւ քաղաքային պլանավորման նախարար Աբդուլռահման բին Խալիֆա ալ Թանիի հետ էր:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության հարցեր` ընդգծելով, որ առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Կողմերն առանձնահատուկ նշել են, որ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումն էապես կնպաստի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Երկուստեք կարեւորվել է հանձնաժողովի նիստի օրակարգում ոլորտային համագործակցության հարցերի ընդգրկումը:
Անդրադառնալով գործակցության կոնկրետ ուղղություններին` զրուցակիցները հեռանկարային են համարել գյուղատնտեսության, գյուղմթերքի արտահանման, քաղաքաշինության ոլորտներում համագործակցությունը: Նշվել է, որ քաթարական կողմը ողջունում է շինարարության ոլորտում հայ մասնագետների ներգրավումը` հաշվի առնելով նրանց փորձն ու հմտությունները, ինչպես նաեւ պատրաստ է ուսումնասիրել հայկական շինանյութի, մասնավորապես, քարի ներկրման հնարավորությունները: Քննարկվել է նաեւ Հայաստանի ոլորտային բուհերում քաթարցի ուսանողների պատրաստման հարցը, պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ հարցի կապակցությամբ քննարկումները հետագայում շարունակել:
Կողմերն առանձնահատուկ կարեւորել են երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության ձեւավորման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Նշվել է, որ արդեն պատրաստ է Երեւանի եւ Դոհայի միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը, որն առաջիկայում կներկայացվի կողմերի ստորագրմանը:




























