Շոտլանդիան անկախության հանրաքվե է անցկացնելու 2014թ. սեպտեմբերի 18-ին, հայտնել է առաջին նախարար Ալեքս Սալմոնդը:
Սալմոնդի խոսքով, Լոնդոնից անկախանալու նման շանսը տրվում է մեկ անգամ ամեն սերնդին եւ անհրաժեշտ է օգտել դրանից: Նա հայտարարել է դա այն օրը, երբ հանրաքվեի մասին օրենքը մտցվել է տեղական խորհրդարան:
Քվեարկության է դրվելու մեկ հարց. «Պե՞տք է Շոտլանդիան դառնա անկախ պետություն»: Ընդ որում, հանրաքվեին կարող են մասնակցել անգամ 16-ամյա դեռահասները, հաղորդում է «Պոլիտ.ru»-ն:
Նշենք, որ Սալմոնդի` անկախության գաղափարները կիսում են ոչ բոլոր շոտլանդացիները: Հարցվածների 50 տոկոսը կողմ է արտահայտվել ստատուս-քվոյին, եւ միայն 30-ն է կողմ արտահայտվել անկախությանը: Նշենք, որ հանրաքվեի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա հոկտեմբերին, երբ Սալմոնդն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը փաստաթուղթ էին ստորագրել:




























