Ֆրանսիայում նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել` նախընտրական քարոզարշավի ընթացքում ապօրինի ֆինանսավորում ստանալու մեղադրանքով: Սարկոզին հերքում է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մադամ Բեթանկուրի խոցելի իրավիճակից օգտվելեւ մեղադրանքը:
Ըստ հետաքննության` 2007թ. նա որպես նվիրատվություն L`Oreal կայսրության 90-ամյա ժառանգորդուհի Լիլիան Բեթանկուրից ստացել էր շուրջ 150 հազար եվրո, սակայն ըստ օրենքի` նախագահի թեկնածուն կարող էր մասնավոր անձանցից ընդունել միայն 4,6 հազար եվրոյից ոչ ավելի գումար:
Նախօրեին դատավոր Ժան Միշել Ժանտիլը առերեսում էր կազմակերպել Սարկոզիի եւ Բեթանկուրի ներկայացուցչի միջեւ: Պարզվել էր, որ Բեթանկորի տանն ապագա նախագահն այդ տարի եղել է մի քանի անգամ` չնայած որ անձամբ պնդում էր միայն մեկ անգամ այցելելու մասին, հաղորդոմ է «Էխո Մոսկվին»:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ առերեսումից հետո դատախազությունը հայտնել էր պաշտոնական հետաքննություն սկսելու մասին: Դա նշանակում է, որ նա այժմ կասկածյալ է, թեեւ դեռ պաշտոնական մեղադրանքներ չեն ներկայացվել:
Հետաքննության ելքը կարող է խաչ քաշել Նիկոլյա Սարկոզիի քաղաքական գործունեության վրա, որը նախկինում ակնարկել էր, թե 2017թ. կարող է պայքարել նախագահական աթոռի համար:




























