Մարտի 21-ին Երեւանում կայացել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի եւ միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի երրորդ նիստը:
Ենթակոմիտեի համանախագահներն էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը եւ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը:
Միջոցառմանը մասնակցում էին Երեւանում ԵՄ ներկայացուցչության, ՀՀ համապատասխան գերատեսչությունների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը բազմաթիվ հարցերի եւ քննարկումների հնարավորություն է ընձեռել:
Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, այդ թվում` Էներգետիկ ռազմավարության եւ քաղաքականության, գազի, էլեկտրաէներգիայի եւ նավթի ոլորտների, էներգետիկ անվտանգության եւ ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի ընդհանուր զարգացումները, միջուկային անվտանգությանն առնչվող խնդիրները:
Ելույթներ են հնչել նաեւ ԵՄ, Մերձկասպյան տարածաշրջանի եւ դրանց հարեւան երկրների միջեւ տարածաշրջանայիին համագործակցության եւ INOGATE ծրագրի իրականացման մասին, ՀՀ-ում եւ ԵՄ-ում տրանսպորտի ոլորտի վերջին զարգացումների, տրանսպորտի ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ավիացիային առնչվող հարցեր եւ այլն:
Քննարկվել են նաեւ շրջակա միջավայրին, կլիմայական փոփոխություններին առնչվող հարցեր, ներկայացվել Հայաստանում ջրի եւ օդի որակի, թափոնների կառավարման եւ բնապահպանության ոլորտային վերջին զարգացումները:
Միջոցառման ավարտին համանախագահները հանդես են եկել ամփոփիչ ելույթներով:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, ենթակոմիտեի համանախագահ Ա. Գալստյանը շեշտել է Եվրամիության հետ համագործակցության կարեւորությունը եւ հաստատել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ դերակատարում ունենալ տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի եւ միջուկային անվտանգության բնագավառներում համագործակցության հետագա ամրապնդման գործում: Նա նշել է, որ ենթակոմիտեն հիանալի հնարավորություն է ՀՀ եւ ԵՄ փորձագետների համար` ուժեղացնելու երկխոսությունը այդ փոխկապակցված ոլորտներում: ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին նիստի կազմակերպման համար եւ հաստատել, որ միջոցառումը նպաստում է Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցության զարգացմանը:




























