Twitter-ի 12 հազար օգտատերերի մեջ, որոնք «փոստել» են Ջոն Լեննոնի արյունոտ ակնոցների լուսանկարը, եղել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ABC News-ը:

Նշենք, որ ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոն իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որում պատկերված են նրա ամուսնու` «The Beatles»-ի նախկին մասնակցի նկարը, որն արվել է 1980թ. Նյու-Յորքում նրա սպանությունից հետո: Լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ արտահայտությամբ. «Ավելի քան 1 մլն 57 հազար մարդ է գնդակահարվել Միացյալ Նահանգներում 1980թ. դեկտեմբերի 8-ին Ջոն Լեննոնի սպանությունից հետո»: Այդ լուսանկարով Յոկոն իր վերաբերմունքն է հայտնել ԱՄՆ-ում զենքի անսահմանափակ գնման կապակցությամբ:

Լուսանկարում Նյու Յորքի պեյզաժի վրա  պատկերված են Լեննոնի կլոր, արյունոտ ակնոցները: Լեննոնը սպանվել էր իր երկրպագու Մարկ Դեվիդ Չեթմենի ձեռքով, ով հինգ անգամ կրակել էր երաժշտի վրա: