Թուրքերը պետք է քրդերի հետ համատեղ քրդական հարցի լուծման հանձնաժողով ստեղծեն: Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողներին այդ մասին հայտնել է Հայաստանում քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը: Նա հավելել է, որ այդ առաջարկը Քրդական բանվորական կուսակցության ղեկավար Աբդուլա Օջալանի կողմից Թուրքիայի իշխանություններին ուղարկած «ճանապարհային քարտեզում» գլխավորն է եղել: Ըստ դրա՝ քուրդ ազգը եւ նրա լեզուն պետք է ճանաչվեն Թուրքիայի Սահմանադրությամբ, քրդերը պետք է ինքնավարության եւ հանրապետության սահմանների պաշտպանության թուրքերին հավասար իրավունք ստանան:  Միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը համաձայնի քննարկել համատեղ հանձնաժողովի գաղափարը, քուրդ ապստամբները վայր կդնեն զենքերը:  Հակառակ դեպքում ապստամբների 50 հազարանոց բանակը կշարունակի պայքարը: «Քուրդ ժողովրդի պայքարն անելանելի փակուղի չէ: Թուրքիայի քրդերի նպատակն անդադար պայքարելը չէ, այլ իրենց իրավունքների ճանաչմանը  հասնելը: Եւ քուրդ ժողովուրդը պատրաստ է դա անել բանակցությունների ճանապարհով», – ասել է Հասանովը:

Հիշեցնենք, որ Նովրուզ առթիվ բանտից արված իր հայտարարության մեջ, Օջալանը հայտարարել է նոր՝ ժողովրդավարական իրավունքների եւ հավասարության փուլի սկիզբը: «Թող վերջապես զենքը լռի: Քուրդ եւ թուրք ժողովուրդների միջեւ թող դադարի արյունահեղությունը: Թող զենքի փոխարեն քաղաքականությունը գործի: Մենք չենք հրաժարվում պայքարից, սա նոր պայքարի սկիզբն է:  Մեր պայքարը միշտ էլ ուղղված է եղել տգիտության, անարդարության եւ ճնշման դեմ: Այսօր մենք արթնանում ենք նոր Թուրքիայում, նոր Արեւելքում», – հայտարարել է Օջալանը: