Մարտի 22-ի երեկոյան Կիպրոսի խորհրդարանն ընդունել է կառավարության առաջարկած երկրի բանկերի վերականգնման օրինագիծը, որը ենթադրում է «լավ» եւ «վատ» ակտիվների տարանջատում եւ «վատ» բանկի ստեղծում` դրա հետագա վերացմամբ:
Ավելի վաղ Կիպրոսի խորհրդարանն օրենք էր ընդունել, որը կառավարությանն իրավունք էր տալիս բացառիկ դեպքերում սահմանափակել բանկային հաշիվներից միջոցներ հանելը: Նաեւ հավանություն էր ստացել հատուկ ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին օրենքը, որը պետք է Կիպրոսին օգներ ձեռք բերել անհրաժեշտ միջոցներ` ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի օգնությունն ստանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ օրենքների օգնությամբ Կիպրոսի իշխանությունները մտադիր են գտնել չբավարարող 5,8 միլիարդ եվրոն` 10 միլիարդ եվրո վարկ ստանալու վերաբերյալ ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ համաձայնագիր կնքելու համար:
Հաղորդվել էր, որ ԵՄ-ի ղեկավարությունը եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը դեմ են արտահայտվել նոր նախագծին` կենսաթոշակային միջոցներն օգտագործելու մտադրության պատճառով: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մեկնել է Բրյուսել, որպեսզի ԵՄ-ի ղեկավարությանը փորձի համոզել Կիպրոսի խորհրդարանի ընդունած նախագծի կենսունակությունը:



























