Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից Էրդողանից ներողություն խնդրելն, անկասկած, կթուլացնի լարվածությունը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, սակայն փորձագետները կարծում են, որ դրանից շատ բան սպասել պետք չէ: Այս մասին, թուրք-իսրայելական հարաբերությունների նորմալացմանը նվիրված իր հոդվածում գրել է գերմանական Deutsche Welle-ն:
Այսպես, գերմանական Մարշալի հիմնադրամի թուրքական ներկայացուցչության տնօրեն Օզգյուր Ունլուհիշարջիքլին համարում է, որ շատ ժամանակ պետք կլինի հարաբերությունները նորմալացնելու եւ վստահությունը վերականգնելու համար: Նա նշում է, որ երկու երկրների միջեւ նախկինի պես տարաձայնություններ կան արտաքին քաղաքական կարեւորագույն ասպեկտների մասին: «Առավել հավանական է, որ այդ երկրները չեն կարողանա վերադառնալ նախկին ռազմավարական հարաբերություններին: Նրանք չեն կարող մոտ գործընկերներ լինել, ինչպիսին էին 1990-ականներին»,-ասել է թուրք վերլուծաբանը:
Հոդվածում նշվում է, որ երեք գործոններ Թուրքիային ավելի անկախ են դարձնում արտաքին քաղաքականության ոլորտում: Այդ երեք գործոններն են տնտեսական բումը, սեփական ուժերի նկատմամբ վտահության աճը եւ ԱՄՆ-ից կախվածության նվազումը:
Իսրայելի նախկին դեսպան Ալոն Լիելը, ով մասնագիտացած է Թուրքիայի հարցով, համարում է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ խնդիրները ծագել են Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից վարվող նոր քաղաքականության հետեւանքով: «Հիմա դա նոր Թուրքիա է, որտեղ իր նոր իսլամամետ կառավարությամբ մթնոլորտը լրիվ այլ է»,-ասել է դիվանագետն՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունները «Օբամայի հաղթանակն են»:
Իր հերթին, Օզգյուր Ունլուհիշարջիքլին համարում է, որ երկրորդ նախագահական ժամկետի ժամանակ Օբամայի արտաքին քաղաքականության վեկտորը կփոխվի ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների ուղղությամբ: «Իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար նա կփորձի ուժեղ գործընկերներ գտնել Մերձավոր Արեւելքում: Թուրք-իսրայելական լարվածությունը ոչ միայն խնդիրներ էր հարուցել Օբամայի առջեւ, այլեւ խափանել էր ամերիկյան վարչակազմի պլանները՝ բաժանել իշխանությունը տարածաշրջանում իր երկու մոտ գործընկերների միջեւ»,-ասել է վերլուծաբանը:
Միաժամանակ փորձագետները արձանագրել են, որ Թուրքիան եւ Իսրայելն ունեն ընդհանուր նպատակներ, երբ խոսքը վերաբերում է Սիրիային: Երկու երկրներն էլ չէին ցանկանա, որպեսզի Սիրիայի տարածքը վերահսկի «Ալ Կաիդան» կամ Իրանը:




























