Ֆրանսիական քաղաքների եւ կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ Երեւանի ջրամատակարարման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանի եւ Վահե Նիկոյանի Հարավային Կովկասի երկրների  հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատայի հետ հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրին` Կամո Արեյանը, կարեւորել է ֆրանսիական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու դրա ընլայնման հեռանկարները, ինչպես նաեւ համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը: Անդրադառնալով մայրաքաղաքի ջրամատակարարման  ոլորտում կատարվող աշխատանքներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ վերջին շրջանում դրական փոփոխություններ են արձանագրվել: Միեւնույն ժամանակ քաղաքապետի տեղակալն առանձնացրել է այն ուղղությունները, որտեղ անելիքներ կան, եւ այդ համատեքստում կարեւորել ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը:

«Քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում կայուն, անխափան ջրամատակարարումը, ջրահեռացումն ու սպասարկման որակի  բարելավման ապահովումը, ելնելով բնակչության շահերից, մեզ համար գերակա խնդիրներ են եւ գտնվում են քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշել է Կամո Արեյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Հարավային Կովկասի երկրների  հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատան նշել է, որ իրենք եւս չափազանց կարեւորում են բնակչության հարմարավետության ապահովմանն ուղղված աշխատանքները:

«Ջրամատակարարման, ինչպես նաեւ քաղաքային տնտեսության այլ ոլորտներում  պատրաստ ենք աջակցել եւ քաղաքապետարանի հետ համատեղ ակտիվ փոխգործակցություն ծավալել: Պարբերաբար այցելելով Երեւան՝ ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել վերջին շրջանում քաղաքի նկատելի զարգացման վերաբերյալ: Զգալի աշխատանքն է տարվել, ինչը միանշանակ գովելի է»,- նշել է Դանիել Պատան:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել Երեւանի զարգացմանն ուղղված ծրագրային նաեւ այլ առաջարկներ: