Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին որպես լիիրավ բանակցող կողմ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լուծման հասնել հնարավոր չէ: Նման կարծիք է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը: «Մենք կոչ ենք արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ, հատկապես Բարաք Օբամային կատարել իր նախընտրական խոստումը, եւ Ղարաբաղը ներգրավել բանակցային գործընթացում: Ես, որպես ԱՄՆ քաղաքացի, որպես ընտրող, իմ նախագահից պահանջում եմ իր նախընտրական խոստումների կատարումը: Ես կարող եմ ազդել իմ քվեով, եւ բոլոր նահանգներում մենք պետք է հիշեցնենք նրան այդ մասին»,- հայտարարել է Վարդանյանը: Նա նաեւ հավելել է, որ ինչ որոշում էլ կայացվի բանակցային գործընթացի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը պետք է լինի գլխավոր գործոնը:

Ըստ Վարդանյանի, կարեւոր է, որ բանակցային գործընթացը թե Լեռնային Ղարաբաղի, թե հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, շարունակվում է, չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին: «Ինձ համար կարեւոր են տարբեր կարծիքները, տեսակետները, որ ես լսում եմ այստեղ՝ հայկական հասարակության մեջ, քանի որ ի վերջո հասարակական կարծիքը պետք է լսելի լինի»,-ասել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ԱՀՀ-ն հուլիսի 23-ին դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղն ընդգրկել բանակցային գործընթացում: