Մոտ 12 հազար բարել նավթ է հոսել Արքանզասի փողոցներում այն բանից հետո, երբ նահանգի կենտրոնում վնասվել է նավթամուղը, հաղորդում է CBS News-ը: Նավթամուղը պատկանում է ExxonMobil ընկերությանը: Մեյֆլաուեր քաղաքի 22 շենքերի բնակիչների տարհանել են: Ընկերության ներկայացուցիչները շաբաթ օրը հայտնել են, որ քաղաքի փողոցներում է հայտնվել ավելի քան 10 հազար բարել հում նավթ, հաղորդում է Pravda.ru-ն:

Նավթի արտահոսքի վայր են մեկնել վակուումային պոմպերով հագեցած 12 ավտոցիստեռններ: Բացի այդ, իշխանությունները չափում են օդի աղտոտվածության մակարդակը եւ փորձում կանխել նավթի հոսքը դեպի մոտակա Քոնվեյ լիճը:

Արքանզասի ԱԻՆ-ի ներկայացուցիչ Ռայան Սենիան ավելի վաղ հայտարարել էր, որ նավթն այդուհանդերձ հասել է լճին, բայց հետո ընդունել էր, որ սխալվել է:

Ներկայումս նավթամուղն անջատված է: ExxonMobil-ի ղեկավարությունը տեղի իշխանությունների հետ համատեղ փորձում է պարզել վթարի պատճառները: Նավթատարը իրար էր կապում Մեքսիկայի ծոցն ու Իլինոյս նահանգը: