Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական գրոհայինների շարքում կային բազմաթիվ վարձկաններ: Ոմանք այլեւս չվերադարձան: Vesti.Az-ը պատմել է, թե ինչպես է նրանցից մեկին շնորհակալություն հայտնել ադրբեջանական պետությունը:
Մարտի 28-ին 48 տարեկան կդառնար Ադրբեջանի ազգային հերոս Անատոլի Դավիդովիչը: Բելառուսի Հանրապետության քաղաքացի Ա. Դավիդովիչին շնորհվել էր գերազանցության բարձր աստիճան` «երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում մատուցած ծառայությունների եւ արիության համար», այսինքն` հայ խաղաղ բնակիչներին ոչնչացնելու համար: 1992թ. կապիտան Դավիդովիչը տեղափոխվել էր Ադրբեջանի բանակի շարքերում ծառայության, եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Ռահիմ Գազիեւի հրահանգով նրան շնորհել էին մայորի կոչում: Նույն տարվա հունիսի 9-ին նա վիրավորվել էր եւ վախճանվել հիվանդանոցում: Անատոլիի ծնողների ցանկությամբ` նա թաղվել էր Սլուցկում (Բելառուս): Այն ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հրամանով նրան շնորհել էին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում (հետմահու):
Թեեւ անմիջապես ձեւակերպելու եւ հասցեով նպաստի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Բաքվից ուղարկելու խոստումներին` Սլուցկում ոչինչ չեն ստացել: 1994թ. Կլավդիա Անդրեեւնան անձամբ ժամանել է Բաքու: Կնոջը խոստումներ են տվել եւ Բաքվում բնակարանի, եւ մեքենայի, եւ ամսական նպաստի մասին: Նա ոգեւորված Սլուցկ է վերադարձել: Հաջորդ 12 տարիներին նա սպասել է խոստումների իրականացմանը: Կինը դիմել է Ադրբեջանի դեսպանատուն: Այնտեղ նրանից ընդունել են բոլոր անհրաժետ փաստաթղթերը, սակայն` այլեւս ոչինչ:
Ադրբեջանի պետության լրիվ անգործության պայմաններում, ընտանիքի խնամքն իր վրա է վերցրել ադրբեջանական համայնքը: Ամեն ամիս համայնքը Կլավդիային դրամական օգնություն է տրամադրում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2005-ի հուլիսի 14-ի հրամանագրով նախագահական թոշակ է նշանակվել Ադրբեջանի ազգային հերոսների համար: Յուրաքանչյուր ազգային հերոս (կամ նրա ընտանիքը) ամենամսյա թոշակ կստանա: Հերոսի մահվան դեպքում այդ գումարը հավասարապես պիտի բաշխվի նրա կնոջ եւ երեխաների միջեւ: Կնոջ եւ երեխաների բացակայության դեպքում թոշակը կվճարվի հերոսի ծնողներին: Ներկայումս ազգային հերոսների թոշակը կազմում է 765 դոլար:
Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում վստահեցնում են, որ որդու մահվան համար բելառուսցի թոշակառու կնոջ թոշակը վճարվում է: Միաժամանակ, 73-ամյա Կլավդիան պնդում է, որ որդու համար թոշակ սկսել է ստանալ միայն 2012 թվականի հունիսից:
«Տարօրինակ պատկեր է ստացվում: Որտե՞ղ է կորել մոտ 50 հազար մանաթը»,-հարցնում է պարբերականը:




























