NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Էդմոնդ Ազատյանի հոդվածը, որը տպագրվել է «Armenian Mirror-Spectator»-ում:
Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները մինչ օրս վիճարկվում են: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները: Նա իր արշավը դրամատիզացնելու համար դիմել է հացադուլի:
Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի վերընտրությունը տեղի է ունեցել ընտրակեղծիքներով, ուստի նա պետք է իշխանությունը զիջի իրեն կամ, ավելի ճիշտ, «ժողովրդին»: Նա իրեն հավասարեցրել է ժողովրդին, ինչը կարող է երկու կերպ մեկնաբանվել. Կամ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ համեստ է՝ հաղթանակի մասին հայտարարելով ժողովրդի անունից, կամ չափից դուրս հպարտ է՝ կարծելով, որ ինքը միակ թեկնածուն է, ով իրավունք ունի խոսել ժողովրդի անունից:
Քաղաքականությունը վակուումներ չի սիրում: Երբ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կորցրեց իր դիրքերը որպես գլխավոր ընդդիմադիր ուժ, բոլոր դժգոհ խմբերը համախմբվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը:
Որպես ժողովրդահաճո քաղաքական գործիչ, նա շատ ճկուն արշավ է իրականացնում, ուշադիր ուսումնասիրելով Տեր-Պետրոսյանի ձախողման հիմնական պատճառները: Մյուս կողմից, Հովհաննիսյանը իր գլխավորած շարժումն իրականացնում է քաղաքակիրթ մակարդակով, թեեւ հնչում են որոշ վերջնագրեր: Նա նույնպես սկսել է մաքսիմալիստական պահանջներից, պահանջելով Սերժ Սարգսյանին գալ Ազատության հրապարակ եւ նախագահական լիազորությունները հանձնել իրեն:
Հետո նա հասկացավ իր պահանջի երգիծական ուրվագծերը եւ մեղմացրեց իր հռետորությունը: Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ գնաց նախագահական նստավայր, որտեղ Սերժ Սարգսյանի հետ կարծիքների փոխանակում տեղի ունեցավ: Ամենայն հավանականությամբ, նախագահի շրջապատը որոշել է ընդդիմության առաջնորդին «սպանել» բարությամբ: Ցանկացած ագրեսիվ պահանջի նախագահի աշխատակազմը հանդուրժողաբար է վերաբերում:
Որպես խորաթափանց քաղաքական գործիչ, Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանում է, որ իր պահանջներին նախագահի հովանավորչական մոտեցումը բխում է գործող նախագահի շահերից, հատկապես միջազգային հանրության աչքում:
Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացել է, որ իր մաքսիմալիստական դիրքորոշումը աստիճանաբար թուլանում է, ուստի արդեն եկել է շրջադարձային պահի՝ կամ իշխանության հանձնում, կամ իշխանության կիսում: Եվ քանի որ առաջին տարբերակն իրատեսական չի թվում, նրա ընտրությունը երկրորդի օգտին է:
Նախագահի վարչակազմը հակված է իշխանությունը կիսելու տարբերակին, բայց ոչ ընդդիմության կողմից ներկայացվող պայմաններով: Երեւում է, իշխանության համար քաղաքական խաղը մտնում է առեւտրի շրջան, որը կարող է խառնել հաշիվները եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առագաստանավը զրկել քամուց: Այդ խաղում Հովհաննիսյանն ապացուցում է, որ ինքը արդյունավետ եւ խելամիտ մարտավարություն է ընտրել:
Միեւնույն ժամանակ Երեւանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իրական հնարավորություն կտան Րաֆֆի Հովհաննիսյանին` առանձնանալ քաղաքական ասպարեզում, հատկապես երբ հինգ այլ կուսակցություններ այդ ընտրություններում ձգտելու են հաղթել: Եթե «Ժառանգություն» կուսակցությունը տպավորիչ արդյունքների հասնի, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ երկար ժամանակ կարեւորագույն գործիչներից մեկը կլինի:
Նա նաեւ խորհում է, թե իշխանությունը կիսելու դեպքում ինչ մակարդակի կարող է հասնել: Եթե նա ի շահ իրեն եւ իր կուսակցության Հայաստանի իշխանական կառույցներում մի քանի պաշտոններ վերցնի, ապա նա Հայաստանի քաղաքական համակարգին կզրկի հուսալի ընդդիմությունից: Այս ընթացքում յուրաքանչյուրը շարունակում է իր կողմը ձգել պարանը եւ պետք է հուսալ` Հայաստանի համար որոշ դրական արդյունքներով:




























