Մարդու իրավունքների կանադական թանգարանը չի պատրաստվում հրաժարվել 1,5 մլն հայերի կոտորածը այլ կերպ, քան ցեղասպանություն անվանելուց` չնայած Կանդայում Թուրքիայի դեսպանի այն հայտարարություններին, թե հայերի ջարդերը ցեղասպանություն որակելը կարող է վնասել Կանադայի եւ Թուրքիայի միջեւ եկամտաբեր առեւտրական հարաբերություններին, գրում է «Winnipeg Free Press»-ը:
Երբ թանգարանը հաջորդ տարի բացի Վինիպեգում, Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը կներկայացվի ցուցասրահներում եւ կատարվածը կբնորոշվի որպես «ցեղասպանություն»: Այդ մասին հայտարարել է թանգարանի ներկայացուցիչ Քլինթ Քերլը:
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը չի մոռացվի, երբ բացվի Կանադայի մարդու իրավունքների թանգարանը: «Հայոց ցեղասպանության արդյունքում մարդու իրավունքների ոլորտում ստացված դասերը թանգարանում կդիտարկվեն մի քանի ուղղություններով, այդ թվում` Ռաֆայել Լեմկինի աշխատանքների, 1948թ. ցեղասպանության մասին կոնվենցիայի ուսումնասիրման բաժիններում եւ այն սրահում, որտեղ կհետազոտվեն գլոբալ զանգավածային չարագործությունները, այդ թվում` հինգ ոճրագործությունները, որոնք Կանադայի խորհրդարանն ընդունել է որպես ցեղասպանություն: Ցուցասրահում կլինեն նաեւ վերապրածների վկայություններ, առաջին աղբյուրներից ստացված ապացույցներ»,-ասել է Քերլը:
Նա նաեւ ասվելացրել է, որ վերջերս եղել է Երեւանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելու համար, եւ կձգիտի զարգացնել կապը երկու թանգարանների միջեւ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալիին «The Canadian Press» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը դանդաղեցնում է Թուրքիա-Կանադա առեւտրային հարաբերությունները: Բաբալին հայտարարել էր, որ «Թուրքիան ցանկանում է Կանադայից ժեստ տեսնել:
Նշենք, որ 2004թ Կանադայի խորհրդարանը ճանաչել էր 1915 թվականի հայերի ցեղասպանությունը:




























