ԱՄՆ Միչիգան նահանգում գույքի վաճառքի ժամանակ 30 դոլարով գնված նկարը մի քանի տարի անց կարող է իրական արվեստի գործ համարվել, որի արժեքը հասնում է մինչև 250 հազար դոլարի, գրում է UPI-ն։
Փորձագետները հաստատել են, որ հայտնաբերված կտավը պատկանում է ամերիկացի սյուրռեալիստ նկարչուհի Գերտրուդ Աբերկրոմբիին և կորած էր համարվում։
Alderman Merriam's Shells («Օլդերման Մերիամի խեցիները») անվանումով նկարը ձեռք էր բերել կոլեկցիոները Միչիգանում անցկացված գույքի վաճառքի ժամանակ։ Գնորդն ուշադրություն էր դարձրել կտավի ձախ ստորին անկյունում եղած ստորագրությանն ու թվագրմանը՝ «Abercrombie, ’51»։
Կասկածը, որ նկարի հեղինակը կարող էր լինել Գերտրուդ Աբերկրոմբին, հաստատվել է անսպասելի կերպով։ Կոլեկցիոները նույն ստեղծագործության լուսանկարը՝ բնօրինակ շրջանակով, տեսել էր Միլուոքիում անցկացվող «Gertrude Abercrombie: The Whole World Is a Mystery» ցուցահանդեսում։ Դրանից հետո նա դիմել էր Ռուզվելտի համալսարանի արվեստաբան Սյուզեն Վայնինգերին, որը Աբերկրոմբիի ստեղծագործության առաջատար մասնագետներից է։
Վայնինգերը հաստատել է նկարի իսկությունը։ Փորձագետի կարծիքով, Աբերկրոմբին այն նկարել է 1951 թվականին։ Կտավում պատկերված են ծովային խեցիներ Ռոբերտ Մերիամի հավաքածուից, որը 1947-ից 1955 թվականներին զբաղեցրել է Չիկագոյի օլդերմենի պաշտոնը։
Նկարի պատմությունը ոչ պակաս անսովոր է եղել, քան դրա կրկնակի բացահայտումը։ 1952 թվականին Աբերկրոմբին այն փոխանցել է Միչիգան նահանգի Կալամազու քաղաքի բնակիչ, բժիշկ Ջոն Ռեյնոլդսին՝ որպես բժշկական միջամտության վճար։
Դրանից հետո գործը շուրջ 75 տարի մնացել է բժշկի ընտանիքում, մինչև հայտնվել է նրա գույքի վաճառքում։
Այժմ նկարը աճուրդի կհանի Freeman's աճուրդային տունը։ Դրա նախնական գնահատականը կազմում է 150 հազարից մինչև 250 հազար դոլար։





























