Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվարի 102,6%-ից մարտին հասել է 103,4%-ի: Տարբերությունը թվում է մեծ չէ, սակայն չմոռանանք, որ տոկոսը հաշվարկվում է անցած տարվա բավականին բարձր գներից;
Մի շարք ապրանքախմբերւոմ (սննդամթերք, ալկոհոլ եւ ծխախոտ) նույնպես նկատվում է գների աստիճանական եւ հետեւողական աճ: Սակայն ռեկորդն արձանագրվել է առողջապահության ոլորտում: Բուժծառայության եւ դեղքորայքի թեեւ բարձր (8,2%), բայց միանիշ աճը մարտին հասել է երկնիշ` 10,2% աճի:
Բնական է, որ չունեւորների համար առաջնահերթ նշանակություն ունեն սննդամթերքի գները: Դատելով սպառողական նվազագույն զամբյուղի կառուցվածքից` Հայաստանում սպառման ծավալում սննդամթերի մասնաբաժինը կազմում է 56,5%:
Ընտանեկան բյուջեում սննդի ծախսերի մասնաբաժինն արտացոլում է կոնկրետ տնային տնտեսությունների կենսամակարդակը: Սննդամթերքի շարքում մեր երկում կարեւոր տեղ է զբաղեցնում հացը: Նշենք, որ անցած տարի հացի ապրանքային արտադրության ծավալը բնակչության շնչի հաշվով կազմել է 97,8 կգ կամ օրական մոտ 270 գրամ:
Մեկ տարվա, անցած տարվա մարտից մինչեւ այս տարվա մարտն ընկած հատվածում, մայրաքաղաքում այդ ապրանքատեսակը թանկացել է կիլոգրամում միջինը 33,6 դրամով կամ 7,2%-ով: Միայն այս գործոնի շնորհիվ հացի գործարանների եկամուտը տարեկան կավելանա գրեթե 10 մլրդ դրամով: Համապատասխանաբար կնվազեն ընտանեկան բյուջեները:
Փետրվարին միջին անվանական աշխատավարձն աճել է 3,2%-ով, ինչը 4 տոկոսային կետով զիջում է հացի միջին գնաճին: Միջին աշխատավարձը, ինչպես հայտնի է, չի բավարարում սոցիալական ստանդարտը, այն բավարար չէ անգամ լիարժեք սնվելու եւ կարեւոր ծառայությունների վճարման համար: Սրան են վերաբերում նաեւ բուժծառայություններն ու դեողորաքը, որոնց գնաճը, ինչպես նշվեց, մարտին հասել է 10,2%-ի:
Գաղտնիք չէ, որ շատ ընտանիքների բյուջեներն ամրապնդվում են արտաքին տանսֆերտներվ, որոնց ծավալը հունվար-փետրվարին աճել է 10%-ով: Սակայն պետք է նկատել, որ նման տրանսֆերտներ ստանում է բնակչության «միայն» 36%-ը: Ընդ որում, քաղաքներում (առանց մայրաքաղաքի)` մոտ 39%-ը, իսկ Երեւանում` մոտ 28%-ը: Ի դեպ, հաց գնողները հիմնականում քաղաքի բնակիչներն են, քանի որ գյուղերում կարող են նաեւ լավաշ թխել: Այնպես որ, տրանսֆերտները «փրկում են» միայն անապահով ընտանիքների մի մասին, որոնց սննդակարգում գերակայում է հացը:
Հացի թանկացումը, որն ուղեկցվում է նաեւ բուժծառայությունների եւ դեղորայքի թանկացմամբ, էապես նվազեցնում է մեր հասարակության անապահով խավի իրական գնողունակությունը:
Այս տարի, դատելով պաշտոնական վիճակագրությունից, Հայաստանում պարենամթերքի գներն աճել են 2,0%-ով: Նկատենք, որ անցած տարի գները միջինն ավելացել էին 12,3%-ով, այնպես որ համեմատության բազան ինքնին բարձր էր արդեն:
Ալբերտ Խաչատրյան



























