2008թ. Սերգեյ Լավրովը Կոնդոլիզա Ռայսին ասել էր, թե իրենց նպատակը Վրաստանի լիակատար ոչնչացումն է, պնդում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: 2008թ. պատերազմի թեման, որ արդեն մի քանի օր քննարկվում է Վրաստանում, Սահակաշվիլին արծարծել է Լեհաստանի նախկին նախագահի եղբոր` ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկիի հետ հանդիպմանը Վարշավայում` հիշեցնելով Լեխ Կաչինսկիի այցը Վրաստան պատերազմական գործողությունների ժամանակ:
Նրա խոսքով, երբ վևրացական ընտանիքներում խմում են ընկած հերոսների կենացը, հիշում են նաեւ Լեխ Կաչինսկիին: «Այն, որ Վրաստանն այսօր գոյություն ունի, ոչ միայն վրացի ժողովրդի եւ միջազգային հանրության, այլեւ ձեր եղբոր վաստակն է, ում ինքնաթիռը վայրէջք կատարեց Վրաստանում»,- ասել է Սահակաշվիլին:
Նա նշել է, որ «երբ Կոնդոլիզա Ռայսը Սերգեյ Լավրովին հարցրեց, թե ինչն է իրենց նպատակը, Լավրովը պատասխանեց` Վրաստանի լիակատար ոչնչացումը», հաղորդում է Գրուզիա Online-ը:
«Ռուսները չբացեցին Լեխ Կաչինսկիի օդային ճանապարհը, բայց նա, միեւնույն է, եկավ, թեեւ Պուտինը սպառնացել էր գնդակոծել ակցիան: Հենց այդ ժամանակ էլ զավթիչները հասկացան, որ չեն կարող հասնել իրենց նպատակին»,- ասել է Սահակաշվիլին:




























