Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցով եղել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող գեղարվեստի կոմբինատում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է կոմբինատով, ծանոթացել արտադրության պայմաններին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարիների պարապուրդից հետո շուրջ մեկ տարի առաջ վերաբացված հանրապետության միակ գեղարվեստի կոմբինատում են ժամանակին ստեղծվել մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած մի շարք արձաններ ու քանդակներ, այդ թվում՝ Մայր Հայաստանի, Սասունցի Դավթի, Ալեքսանդր Թամանյանի,  Մարտիրոս Սարյանի, նաեւ՝  վերջերս  քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ բացված Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Քաղաքապետը  հետեւել է նաեւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ քանդակագործ Արման Դավթյանի՝ Նուռի հեղինակած ընթերցողի բրոնզաձույլ քանդակի ձուլման աշխատանքներին: Այն նախատեսվում է տեղադրել Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարեւանությամբ: Քաղաքապետին ներկայացնելով քանդակի ստեղծման ընթացիկ աշխատանքները` արվեստագետը նշել է, որ 2,5 մետր բարձրությամբ բրոնզե կոմպոզիցիան կազմված է լինելու գրքերից եւ լուսամփոփից, իսկ գլխավոր հերոսը՝ ընթերցողը, քաղաքացին է լինելու, ով  հնարավորություն կունենա ցանկության դեպքում ազատ նստել քանդակի վրա եւ ընթերցանությամբ զբաղվել: Ինտերակտիվ քանդակը հնարավորություն կտա նաեւ  ստեղծագործության հարակից տարածքից անվճար ինտերնետի կապի միջոցով մուտք գործել քանդակի անունը կրող համապատասխան կայքէջ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակ անց քանդակն ու նրա հարակից տարածքը կդառնան երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրված անկյուններից եւս մեկը՝ իր ազդեցությունը բերելով նաեւ գրքի նկատմամբ երիտասարդության  հետաքրքրության բարձրացմանը:

Քաղաքապետը  ծանոթացել է նաեւ կոմբինատի բակում առաջիկայում կազմակերպվելիք սիմպոզիումի աշխատանքներին, որի շրջանակում ստեղծված գործերը տեղ կգտնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այգիներում ու պուրակներում: