Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում, այսօր՝ ապրիլի 12-ին, կայացել է համատեղ քննարկում` նվիրված ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի եւ խաղողի արտադրության, մթերումների եւ իրացման կազմակերպման հետ կապված խնդիրներին:
Խորհրդակցությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանից , ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանից, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից բացի, մասնակցել են նաեւ պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ու արտահանող ընկերությունների, ոլորտի գործունեությանն առնչվող ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ եւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամների ներկայացուցիչներ:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշվել է, որ ոլորտում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ այն նախօրոք ուսումնասիրվել եւ քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում , որի արդյունքում լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերը ամփոփ տեսքով ներկայացվել են այսօրվա քննարկմանը:
Ելույթ ունեցողներն անդրադարձել են արտադրանքի արտահանման եւ ռազմավարական շուկաներ մուտք գործելու հարցերում պետական աջակցության, առեւտրային բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման պայմանների, անհրաժեշտության դեպքում գործող վարկերի մարման ժամկետների երկարաձգման, գինենյութի պահման տարաներ, ինչպես նաեւ օժանդակ հումք (շիշ, խցան եւ այլն) ներկրելու ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի վճարումից ազատման կամ դրանց վճարումը հետաձգելու եւ նման բազմաթիվ այլ խնդիրների:
ՀՀ էկոնոմիկային նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը անդրադարձել է գործող եւ առաջիկայում նախատեսվող պետական աջակցության գործիքներին, հատկապես արտահանման, շուկայավարման եւ միջազգային ցուցահանդեսների մասնակցության մասով:
Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել է վարկավորման համակարգում առկա իրավիճակը, նշելով, որ առաջիկայում առեւտրային բանկերը հնարավորություն կունենան տրամադրելու մեծ ծավալի վարկեր` ՀՀ դրամով:
Ամփոփելով քննարկումը` ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը նշել է գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող բերքի իրացման կարեւորությունը եւ վերամշակող ու արտահանող ընկերությունների մեծ դերակատարությունն այդ հարցում. «Այս քննարկումով մեր հանդիպումները չեն ավարտվելու: Մինչեւ բերքաշրջանի ու մթերումների ավարտը մենք նման բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու` փորձելով հնարավորինս աջակցել ոլորտի գործունեության կարգավորմանը, պետություն –մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը: Պետությունն այսօր մեծ օժանդակություն է ցուցաբերում եւ գյուղացուն, եւ վերամշակողին: Բնական է , քանի որ թե արտադրությունը, թե վերամշակումը համաչափ պետք է զարգանան: Սակայն, ցավոք, դեռեւս լուրջ անելիքներ կան որակի ապահովման բնագավառում, եւ սա էլ խոչընդոտում է մեր արտադրանքի արտահանմանը դրսի շուկաներ»,- նշել է Սերգո Կարապետյանը: Նա հատուկ անդրադարձել է պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպմանը եւ հորդորեց հնարավորինս արագ սկսել վերամշակողների եւ գյուղացիների միջեւ բերքի իրացման պայմանագրերի կնքումը:
Քննարկման արդյունքները կներկայացվեն կառավարություն` համապատասխան ընթացք տալու համար:




























