Բոլորի ծրագրերն էլ համարյա թե նույնն են, ուստի կարեւորը ոչ թե ծրագիրն է, այլ՝ այն կյանքի կոչելը: Այս մասին, այսօր` ապրիլի 12-ին, Աջափնյակի բնակիչների հետ զրույցում ասաց ԱԻՆ ղեկավար, Երեւանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Արմեն Երիցյանը:

Նրա խոսքով՝ մեկը մի քիչ ավել է գրում, մյուսը՝ մի քիչ պակաս, սակայն կարեւորը գրվածը կյանքի կոչելն է: «Մենք ասում ենք, որ մենք գոհ ենք բոլորի աշխատանքներից, բայց կարող ենք անել ավելին եւ անելու ենք»,- նշեց Արմեն Երիցյանը՝ կարեւորելով հատկապես աշխատատեղերի ստեղծումը:

Երիցյանն ընդգծեց նաեւ, որ մենաշնորհները յուրաքանչյուր երկրի համար վտանգ են ներկայացնում: «Ես չեմ ուզում, որ ծրագիրը, օրենքը մահացած ծնվի, եթե մենք կյանքի չկոչենք այդ դրույթները, այդ օրենքները մահանալու են: Մեկ կուսակցությունը կամ անձը ոչինչ չեն կարող անել, մենք դա պետք է անենք երեւանցիներով»,- ասաց Արմեն Երիցյանը, նշելով, որ այսօր Հայաստանի ԱԻՆ-ը աշխարհի 50 լավագույն նախարարությունների թվում է, ինչը մեր երկրի  հպարտությունն է: