ՕԵԿ-ը դժվարին ճանապարհ անցած կուսակցություն է եւ այսօր կրկին դժվարին պայքար է սկսել Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, Աջափնյակի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Սոֆյա Արթենյանը:

Նրա խոսքով՝ հազար ու մի ոլորաններում շատ կուսակցական ու քաղաքական ուժեր փորձում են մոլորեցնել մարդկանց, արդեն շատ հուսահատված մարդկանց նորից հավատից շեղել: «Նրանց տալիս են բազում խոստումներ, բայց այդ խոստումները ապրում են, կյանք ունեն մինչեւ ընտրատարածք, իսկ ընտրատարածքի շեմին մեռնում են: Նրանք դառնալով իշխանություն, մոռանում են խոստումները, իսկ ժողովուրդը հիշում է, թե ինչ խոստացավ իրեն իշխանությունը եւ ինչ արեց: Սակայն ՕԵԿ-ը չի ընտրում զարտուղի ճանապարհ, այլ գնում է շիփ-շիտակ՝ բնակչության առաջ դնելով իր առաջադեմ եւ բացառիկ ծրագիրը»,- ասաց Սոֆյա Արթենյանը:

Նա նաեւ նշեց, որ շատ երկրներ այսօր օրինակ են վերցնում Արմեն Երիցյանի ղեկավարած ԱԻՆ-ից, իսկ եթե նա քաղաքապետ ընտրվի, որպես քաղաքապետ  են օրինակ վերցնելու: