Մենք պարզապես ցանկանում էինք Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում պատահական անցորդներին մասնակից դարձնել «Սկսենք Երեւանից» ծրագրին: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ակցիային, որի ժամանակ ԲՀԿ անդամները բաժանել էին շապիկներ`կուսակցական կարգախոսներով:
Ն. Զոհրաբյանի խոսքով, իհարկե, ցանկացած ընտրություն ենթադրում է բնական լարվածություն, քանի որ մրցակցություն է առաջանում: «Սակայն գոյություն ունի լարվածության թույլատրելի սահման, որն անցնելը նշանակում է դուրս գալ որոշակի կոռեկտության շրջանակից: Ներկայիս դրությամբ առանձնահատուկ լարվածություն չկա, սակայն նկատելի է, որ իշխող կուսակցությունից մեր գործընկերների կողմից ոչ կոռեկտ արտահայտություններ են թույլ տալիս, հատկապես, սոցիալական ցանցերում»,-նշեց խմբակցության քարտուղարը:
Նա նաեւ ավելացրեց, որ իրենց կուսակցության համար թշնամիներ գոյություն չունեն: «Մենք բոլորին մեզ հավասար մրցակիցներ ենք համարում, եւ պատրաստ ենք մրցակցել բոլորի հետ հավասար մրցակցային դաշտում, սակայն տարբեր ատյանների կողմից տարատեսակ ճնշումներն արդեն նպաստում են, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մասին հայտարարությունները կորցնեն իրենց իմաստը»,-ասաց Ն. Զոհրաբյանը` ընդգծելով, որ ԲՀԿ-ն ընտրությունների է գնում հաղթելու նպատակով:




























