Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 13-ին, այցելել է Վեդիի ապագա ջրամբարի կառուցման վայր` Արարատի մարզի Գոռավան համայնքի տարածքում:
Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ Ա. Գեւորգյանը ծանոթացել է ապագա ջրամբարի տեղանքին, քննարկվել են ջրածածկ տարածքի, ջրամբարի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:
Ջրամբարի կառուցման ծրագրի իրականացման համար հայկական կողմը ներկայումս բանակցություններ է վարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:
Նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա շուրջ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաեւ համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:




























