Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգի Նուսայբինի շրջանի դիմաց Սիրիայի Քամըշլը քաղաքում կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջեւ բախումների պատճառով դեպի Թուրքիայի սահման փախչող գաղթականները հանդիպել են թուրք սահմանապահների խիստ արձագանքին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Քամըշլը քաղաքում զինված բախումներից հեռացած բնակչությունը խմբերով շարժվել են ականապատված թուրք-սիրիական սահման եւ փորձել հատել այն։ Այս ամենը ոտի է հանել թուրքական սահմանապահ ուժերին, որոնց աջակցության համար սահմանին են մոտեցել նաեւ թուրք ոստիկանական ջոկատներ՝ թույլ չտալով սիրիացի փախստականներին անցնել Թուրքիա։
Թուրք սահմանապահները բարձրախոսով զգուշացրել են փախստականներին հետ վերադառնալ, սակայն տեսնելով, որ արձագանք չկա, սկսել են օդ կրակ բացել։
Սիրիացի գաղթականները կրկին չեն հեռացել եւ շարունակում են մնալ սահմանի զրոյական կետում։




























