Այս պահին տեղի է ունենում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի նույն անվամբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, ինչը հակասում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Այդ մասին ասվում է Երեւանի ավագանու անդամ, իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանի հայտարարության մեջ։
«Մի կողմից, դա ողջունելի է, այդ թվում, որ ՀՀՇ-ն վերջապես, անջատվում է «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքից, սակայն, մյուս կողմից այդ միջոցառումն ակնհայտորեն հակասում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, այն է՝ «ՀԱԿ» անվամբ կուսակցություն ՀՀ-ում չի կարող գործել: Ավելին, այդ կուսակցությունը չի կարող հանդիսանալ, Ազգային ժողովում եւ Երեւանի ավագանիում գործող «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի իրավահաջորդը:
Ափսոսանքով պետք է նշենք, որ դա չեն հասկանում կամ չեն տարբերում որոշ քաղաքական ուժեր, այդ թվում, այնպիսի հեղինակավոր կուսակցություն, ինչպիսին ՀՅԴ-ն է, որի այդ տեսակետը համագումարին ներկայացրեց վերջինիս ներկայացուցիչը:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավազակաիշխանությունն արդեն իսկ ճանաչել է այդ ապօրինությունը /ԿԸՀ/, կարող ենք արձանագրել, որ «ՀԱԿ» անվամբ կուսակցության ստեղծումը հրահրվում է նրա կողմից:
Այդ կապակցությամբ, դատապարտում ենք Առաջին նախագահի եւ ավազակաիշխանության կողմից նախաձեռնած սույն ապօրինությունը, որին հուսով ենք կանդրադառնան նաեւ ԱԺ «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի խմբակցության անդամները»,- գրել է Ռուբեն Թորոսյանը:




























