PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնադիրներից եւ ղեկավար կազմի հայտնի անուններից Դուրան Քալքանը հայտարարել է, թե այս պահի դրությամբ խոսք չի կարող լինել Թուրքիայից հետ քաշվելու մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դուրան Քալքանը Kurt TV-ին տված հարցազրույցում հայտնել է, թե PKK-ն այս պահին հետաքրքրված չէ Թուրքիայից հեռանալու խնդրով եւ ավելին, դեռեւս խոսք չի կարող լինել հեռանալու մասին։ Նա պնդել է, թե այս պահին քուրդ զինյալներն իրենց տեղերում են։
Դուրան Քալքանը նշել է, թե անհրաժեշտ է, որ թուրքական իշխանությունները քրդական հարցի կարգավորման համար կոնկրետ քայլեր իրականացնեն, կամ էլ պետք է Աբդուլլահ Օջալանը անձամբ զբաղվի հարցի կարգավորմամբ։
Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։ Ուղերձում ոչինչ չկար ալեւիների, ասորիների եւ հայերի մասին, ինչը ալեւիների շրջանում դժգոհություն էր առաջացրել։
Հիշեցնենք, որ Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։




























