Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 10 տեղական հասարակական կազմակերպություն` ընդհանուր թվով 478 դիտորդ:
ԿԸՀ-ում արդեն գրանցվել են «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ), «Իրավակիրթ հասարակություն» (50), «Երիտասարդական ակումբների դաշնություն» (38), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» (7), «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբ» (9), «Արմավիրի զարգացման կենտրոն» (68), «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» (94), Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիա (32), «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» (120 դիտորդ) հասարակական կազմակերպությունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Նախընտրական քարոզչությունը սկսվել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով մայիսի 5-ին: Դիտորդական առաքելությունները կարող են հավատարմագրվել մինչեւ ապրիլի 25-ը:




























