Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը  միանար, կարծում եմ՝  ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կաղոթեր, եւ ոչ թե Վովա Գասպարյանը։ Այս մասին  այսօր՝ ապրիլի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետորսյանի՝ «միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞» արտահայտությանը։

Արմեն Մարտիրոսյանը նաեւ շեշտեց, որ  եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը միանար, բոլորովին այլ իրավիճակ կստեղծվեր քաղաքական առումով, այլ պրոցես կարող էր լինել։

«Արդեն պետք է արդարացումներ գտնել, կարծես թե Վովա Գասպարյանը գալիս է  բոլորին փրկօղակ, մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18.00-ը մոռանում են,  որ քանի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլոր ուժերին գալ եւ ժողովրդի հետ լինել, ժամը 20.-21.00-ի դեպքերը կարծես թե սկսել են մտաբերել, մինչեւ այդ երեւի ոչինչ չի եղել, դա արդարացում չէ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ՀԱԿ առաջնորդը շեշտեց, որ չի քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հավելեց, որ հրապարակի մի մասը ՀԱԿ ակտիվիստներն էին, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց՝   «իսկ քննադատությունը ի՞նչ ձեւի  լինում, եթե ասում է՝գնայի աղոթեի՞ կամ քաղաքական պրոցես չկա»:  «2008թ քաղաքական պրոցես կար, հիմա քաղաքական պրոցես չկա՞, այդ ո՞նց է լինում, ո՞նց կարող է  հետընտրական պրոցեսը ոչ քաղաքական լինել։ ՀՀԿ-ն էլ մինչեւ հիմա սիրում է ասել, որ քաղաքապետի ընտրությունները քաղաքական պրոցես չեն»,- ասաց նա։

Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, թե նա, ով ուզում է նախագահ դառնալ, թող գա եւ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանի, «Ժառանգության» ներկայացուցիչը այսպես պատասխանեց.  «Բա 2008թ-ին թող ինքը սպասեր Երեւանում իշխանություն վերցներ, նոր փորձեր նախագահ դառնալ, ի՞նչ կապ ունի մեկը մուսի հետ, նախագահ դառնալու համար կա նախագահական ընտրություններ։ Այն, որ Երեւանը շատ ռեսուրսներ է իր մեջ կենտրոնացնում, հասկանալի է, պարզ է,  բայց սա չի նշանակում, որ որպեսզի նախագահ դառնաս, պետք է քաղաքապետի ընտրություններում մասնակցես, հաղթանակ տանես»։

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ դրանք ընդամենը արդարացումներ էին, ուրիշ ոչինչ, մինչդեռ 2008թ «Ժառանգության» ներկայացուցիչները՝ պատգամավորներ, վարչության անդամներ, բոլորը միշտ եղել են հանրահավաքների ժամանակ, ինչպես նաեւ մարտի 1-ին, «բայց իրենցից որեւէ մեկ ներկայացուցիչ այդպես էլ չտեսանք այս օրերին, այնպես որ արդարացումներ փնտրելը այստեղ լավագույն եղանակը չէ, ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է»։