Երեւանի ծայրամասային շրջաններն իրենց զարգացման մակարդակով չպետք է հետ ընկնեն կենտրոնից: Այս մասին մայրաքաղաքի Շենգավիթ շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանցիների հետ երկար տարիների շփման արդյունքում բացահայտել ենք բազմաթիվ հարցեր, որոնք լուծում էին պահանջում: «Հավատացած եմ, որ մեր աշխատանքի, փորձառու կադրերի, հասարակության վստահության, առողջ նախաձեռնությունների շնորհիվ մեզ կհաջողվի նոր Երեւան ստանալ: Իսկ դա նշանակում է ավելի բարեկարգ բակ, շրջան եւ վերջապես մայրաքաղաք: Ամեն մի բակ եւ շրջան թանկ են ինձ համար: Եւ ես համոզված եմ` Երեւանը պետք է զարգանա համաչափ: Իսկ դրա համար ներդրումային բոլոր ծրագրերը պետք է ուղղվեն առաջին հերթին ծայրամասային շրջաններին: Այդ դեպքում ծայրամասերը քայլ առ քայլ կսկսեն զարգանալ»,- հայտարարել է Տ. Մարգարյանը:

Այս ամենի հետ մեկտեղ, ավելացրել է նա, Շենգավիթում խնդիրը հողերի վերականգման հետ է, որոնք տարիներով մշակվել են գյուղացիների կողմից: «Մենք պետք է աշխատանքի լծվենք, աշխատանքներին կցենք նաեւ տեղի բնակիչներին` երկար տարիներ պատասխան չստացած հարցը լուծելու համար»,- հայտարարել է Տ. Մարգարյանը:

Շենգավիթի խնդիրների շարքին են դասվում խմելու ջրի ցանցի նորոգումը, բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությունը եւ մի շարք այլ հարցեր: «Մեր ծրագիրը կազմելիս մենք գերադասել ենք հենց այն խնդիրները, որոնց լուծումը երեւանցիներն ակնակալում են մեզանից»,- հայտարարել է Տ. Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 2-ին: