ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը չի ցանկանում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի, ապրիլի 9-ի իրադարձությունների եւ «Ժառանգության» առաջնորդի մոսկովյան այցի մասին: Լրագրողների այս թեմային վերաբերող հարցերին Լեւոն Զուրաբյանը անպատասխան պատասխաններ էր տալիս` ասելով, որ երբվանից է դարձել նրա խոսնակը, հարցեր կան, որոնց մասին իր կարծիքը նպատակահարմար չի համարում հրապարակել, շատ ավելի կարեւոր հարցերի շուրջ է ցանկանում արտահայտվել, քան թե այդ հարցի, եւ այլն:
«Այս երկրում ունենք քննադատության մի թիրախ՝ իշխանությունները, թույլ տվեք քննադատել միայն նրանց»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ ընդդիմությանը քննադատելը անիմաստ գործ է, իսկ իրենց պայքարը ժողովրդի պայքարն է ժողովրդավարության հաստատման համար:
Նա հիշեցրեց, որ պատրաստ են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար պայքարել այս իշխանությունների դեմ, պատրաստ են կոալիցիա ստեղծել, քաղաքապետարանը վերցնել իշխանության ձեռքից, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, օրինակ` ընտրարշավը հենց այդ քայլն է: «Ընտրարշավ ի՞նչ է նշանակում, արշավ, պատերազմական վիճակ, կռիվ»,- ասաց նա` հավելելով, որ հանդիպումներ են լինում, զրուցում են, իսկ այդ ամենի արդյունքը կերեւա ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո:
Թե ապրիլի 9-ի իրադարձություններն ինչպես են ազդելու ավագանու ընտրությունների վրա, պատգամավորն ասաց. «Մենք մեր գործն ենք անում, ունենք հստակ ծրագրեր, նպատակներ, հստակ քայլեր ենք նախանշել եւ գիտենք՝ ինչ է պետք անել, որ երկրում ստեղծված իրավիճակում փոխենք, ժողովրդին տանենք հաղթանակ: Թե որ քաղաքական ուժը ինչով է զբաղված լինելու այդ ընթացքում, դա արդեն նրանց պետք է հարցնեք: Ձախողելու են, տապալելու են, հաջողելու են, դա իրենց գործն է»: Իսկ թե ինչպես կվարվեր ՀԱԿ-ը ապրիլի 9-ին, ապա խմբակցության ղեկավարը հորդորեց «եթե-ներով» չխոսելով, ապա նշեց, որ իրենք գիտեն ինչպես է պետք կառուցել քաղաքական գործընթացները եւ այդպես էլ կառուցում են:




























