Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երեւանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել եւ ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, եւս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն եւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված ծաղիկներով են ստեղծվելու նաեւ ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները:
Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով եւ, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար:
«Մայրաքաղաքի կանաչապատման եւ արտաքին տեսքի ձեւավորման գործում շատ կարեւոր է նաեւ ծաղկապատման աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի ծաղկատեսակներ, որ մայրաքաղաքում ծաղիկներ ունենանք վաղ գարնանից սկսած մինչեւ ուշ աշուն: Կարեւոր է նաեւ մեր բնակլիմայական պայմաններին արագ ու հեշտ հարմարվող ծաղկատեսակները տեղում աճեցնելը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնեու համար նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են: Նշվել է նաեւ, որ այս տարի, միայն գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքում կտնկվի շուրջ 40 հազար ծառ եւ թուփ:



























