Վրաստանն առայժմ բանակցություններ չի վարում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող աբխազական երկաթուղու վերականգնման ուղղությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախարար Փանջիկիձեն Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

«Մենք այդ մասին մտածում ենք: Դեռ չենք սկսել աշխատել այդ ուղղությամբ: Վրաստանի հետաքրքրությունները հաշվի առնելով` մենք կփորձենք հասկանալ, թե որքանով Վրաստանը կշահի այդ գործընթացից: Դրանից հետո միայն գուցե կազմենք աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավիճակը, եւ դրանից հետո միայն կկայացնենք որոշում: Այժմ դեռ շատ վաղ է վերագործարկման մասին խոսելը: Դա ընդամենը գաղափար էր: Դեռ վարչապետի երեւանյան այցի ժամանակ էր քննարկվել, սակայն կոնկրետ ոչինչ չի արվել այս ուղղությամբ»,- նշել է Փանջիկիձեն:

Նախարարը նշել է, որ իրենք պետք է հաշվի առնեն տնտեսական, քաղաքական եւ այլ հարցերը, հասկանան, թե ինչ կտա այդ ամենը մեզ, եւ նոր միայն աշխատանքային խումբ կազմեն: