Երեւանում, ապրիլի 8-ին մեկնարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական պոլիկլինիկայի վերականգնողական ծառայության  պիլոտային ծրագիրը: Այն ուղղված է աուտիզմ, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական եւ այլ խնդիրներ ունեցող երեխաների՝  վաղ փուլում ախտորոշմանը եւ համապատասխան միջամտությանը առաջնային բուժսպասարկման օղակում: Ստեղծված ծառայության ներքո երեխաներին բարձրակարգ մասնագետների կողմից կտրամադրվի անվճար վերականգնողական աջակցություն:

Ծրագիրն իրականացվել է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի եւ Արաբկիր բժշկական համալիրի նախաձեռնությամբ՝ Երեւանի քաղապետարանի աջակցությամբ:

Ծարգրի շրջանակում իրականացվել են ծառայության համար նախատեսված տարածքի եւ պոլիկլինիկայի մուտքի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքներ, ինչպես նաեւ պոլիկլինիկայի շենքի գազաֆիկացում: Այդ նպատակով «Քրոնիմետ»-ի կողմից հատկացվել է 15.8  մլն.դրամ:

Զարգացման խնդիրներ ունեցող երեխաների՝ հասարակությանը լիարժեք ինտեգրման եւ ծրագրի ամբողջականությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 78 նախադպրոցական ներառական ուսումնական հաստատությունում հատուկ կարիքներով երեխաների նախադպրոցական ուսուցման նպատակով համապատասխան հարմարությունների ստեղծում, մասնավորապես` վերանորոգում, մասնագետների վերապատրաստում, կահույքի եւ հատուկ սարքավորումների ապահովում: