Ապրիլի 5-ին կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը:
Նա նշեց, որ թեեւ Զոհրաբ Զոհրաբյանը առայժմ միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց վիճակը լավ է: Նախկին պատգամավորը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, հայտնի չէ, թե նրան երբ կտեղափոխեն այլ բաժանմունք:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով: Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս): Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:




























